14 դեկտեմբերի 2015 - 14:38 AMT
Duty-free-ից կօգտվեն նաև ցամաքայի՞ն անցակետերում. Կառավարության առաջարկը

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 14-ին քննարկման է դրվել «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկվող նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է, որ Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործողները:

Մասնավորապես, ըստ նրա, օրենքի ընդունումից հետո Հայաստանի ցամաքային անցակետերում՝ Մեղրիում, Բավրայում և Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռնվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ավելացված արժեքի հարկից:

Փոխնախարարն ասել է նաև, որ այս պահին Հայաստանում կա ցամաքային անցակետ, որտեղ գործում է անմաքս առևտրի կետ, սակայն ի տարբերություն օդանավակայանների, այդ կետն ազատված չէ ավելացված արժեքի հարկից:

«Այս փոփոխությամբ մենք այդ հնարավորությունը տալիս ենք նաև ցամաքային անցակետերին: Այսինքն, բոլոր անցակետերը ազատվում են ավելացված արժեքի հարկից»,- նշել է Մելքոնյանը, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ Դեռ 2011-ի հունիսին ՀՀ կառավարությունը արտամրցութային կարգով «Duty Free Alliance» ընկերությանը 800 քմ տարածք տրամադրեց Մեղրիի անցակետում 49 տարի ժամկետով: Ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է առևտրի օբյեկտ բացել առանց տուրքի ապրանքների համար և պահեստ: Ենթանդրվում է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Իրանի միջև: