Թուրքական զորքերը հեռանում են իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկի արվարձանի ճամբարից, հայտնում է Reuters-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ գործակալության զրուցակցի, թուրքական զորքերը սկսել են շարժվել դեպի հյուսիս, ինչը կապված է Անկարայի և Բաղդադի միջև պայմանավորվածության հետ, հայտնում է ՌԲԿ-ն:
Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմեց ՄԱԿ ԱԽ` պահանջելով անհապաղ դուրս բերել թուրքական զորքերն իր տարածքից` համարելով զորքի ներկայությունն իր տարածքում միջազգային նորմերի խախտում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու Իրաքի որոշումն անվանել է «անազնիվ քայլ»: Թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները կքննարկեն Իրաքի իշխանությունների հետ Իրաքում թուրքական զորակազմի վերակազմավորման հարցը: Ըստ ԱԳ նախարար Չավուշօղլուի, թուրքական զորքերի տեղակայմանն Իրաքի այդ արձագանքը պայմանավորված է նաև «այլ երկրների դերակատարությամբ»` չնշելով որևէ երկիր:
Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: