6 դեկտեմբերի 2006 - 13:20 AMT
Գենետիկ հետազոտությունները հերքեցին համշենահայերի «թրքական ծագման» մասին հիպոթեզը
Ստացվել են երեք տարի առաջ, 2003 թվականի աշնանը մեկնարկած համշենահայերի գենետիկամոլեկուլյար հետազոտության առաջին արդյունքները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, տվյալ նախագծի ղեկավար` կենսաբանական գիտությունների դոկտոր Լեւոն Եպիսկոպոսյանի խոսքերով, ԴՆԹ-ի նմուշների գենետիկ անալիզը, վերցված Կրասնոդարի մարզի եւ Ռոստովի շրջանի համշենահայերից, անց է կացվել Լոնդոնի համալսարանական քոլեջում բրիտանացի գործընկերների հետ համատեղ: Հրապարակման է պատրաստվել մի հոդված, որտեղ ներկայացված է համշենահայերի պատրիլինեալ (հայրական գծով աճող) գենետիկ պատմությունը: Ըստ Լ. Եպիսկոպոսյանի, համեմատությունը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի հայերի տարբեր տարածքային խմբերի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի այլ ժողովրդների հետ թույլ տվեց պարզել հետեւյալը.

- ըստ ԴՆԹ-ի հետազոտվող առանձնահատկությունների համշենահայերը գենետիկ առումով բավականին մեկուսացած տարածքային խումբ են, որի հայկական արմատները ոչ մի կասկած չեն հարուցում, ինչը հաստատում են ստացված արդյունքները;

- լիովին հերքվել է թուրք գիտնականների քարոզած հիպոթեզն «հայալեզու համշենահայերի» այսպես կոչված թրքական (օգուզական) ծագման մասին:

Եվ վերջապես, նախագծի հեղինակներին հաջողվեց որոշակի պարզություն մտցնել համշենահայերի նախահայրենիքի պարզաբանման գործում: Այդ հարցին վերջնական պատասխան տալու համար ներկայումս անց են կացվում հետազոտվող խմբի մատրիլինեալ (մայրական գծով աճող) գենետիկ պատմության հետազոտություններ:

Նշենք, որ համշենահայերը կազմում են Կրասնոդարի մարզի ծովափնյա հայ բնակչության մեծամասնությունը Կուբանի եւ Ադիգեի մի շարք շրջաններում: Նրանք Կուբան են եկել Արեւմտյան Հայաստանի Համշեն շրջանից (այժմ Թուրքիայի տարածքում) XIX դարի կեսին եւ XX դարի սկզբին Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Կուբանում, Ադիգեում եւ Աբխազիայում փորձագետների տվյալներով բնակվում են շուրջ 250 հազար համշենահայեր, իսկ Թուրքիայի տարածքում ավանդական բնակության վայրի սահմաններում, ըստ տարբեր աղբյուրների, 700 հազարից մինչեւ մեկ ու կես երկու միլիոն իսլամ ընդունած համշենահայեր: