15 դեկտեմբերի 2015 - 14:04 AMT
Բելգիական կուսակցությունը հաստատել է. Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը կհեռացվի

Բելգիայի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն (Centre démocrate humaniste; CDH) կուսակցության քաղաքական բյուրոն վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին, որը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը:

Մահինուր Օզդեմիրին Ցեղասպանության ժխտման համար հեռացնելու որոշում էր ընդունվել դեռևս մայիսի 29-ին կուսակցության Էթիկայի հանձնաժողովի կողմից, սակայն ծագումով թուրք պատգամավորը բողոքարկել էր այդ որոշումը:

Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն կուսակցության առաջնորդ Բենուա Լյութժենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին», գրում է Armeniangenocide100.org-ը:

Բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը մայիսին հայտարարել է, որ կուսակցությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն: