6 դեկտեմբերի 2006 - 13:51 AMT
Հոլանդիան առաջարկում է խստացնել Թուրքիայի հանդեպ կիրառվող միջոցները
Հոլանդիայի կառավարությունն ի լրումն Եվրամիության կայացրած որոշման Թուրքիայի հետ բանակցային գործընթացը 8 կետերով սառեցնելու մասին, հանդես է եկել խստացման վերաբերյալ առաջարկով: Հոլանդիայի ԱԳՆ ղեկավար Բերնարդ Բոտը այս հարցի վերաբերյալ հատուկ նամակ է հղել երկրի խորհրդարան: Այնտեղ նշվում է, որ ի պատասխան Թուրքիայի որոշմանը` չբացել նավահանգիստները եւ օդակայանները Կիպրոսի համար, անհրաժեշտ է բացի 8 կետերով բանակցությունների սառեցումից առավել խիստ միջոցներ կիրառել: Տեղի մեկնաբանները նշում են, որ Հոլնադիայի ԱԳ նախարարի նամակը հղվել է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ հանդիպում էր ընթանում, որտեղ քննարկվում էր երկրների համատեղ դիրքորոշումը Թուրքիայի հարցում: Անկարայի վրա ազդելու լրացուցիչ միջոցների թվում դիտարկվում է բանակցությունները դադարեցնելու հնարավորությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են` բնակչության ազատ տեղաշարժի, մաքսային խնդիրների, տրանսպորտի, գյուղատնտեսության, բանկային ծառայությունների եւ ձկնաբուծական տնտեսությունների հարցերը: Նշվում է, որ իրավիճակը ԵՄ-ի հետ Թուրքիայի համագործակցության հետագա գործընթացի շուրջ պարզ կդառնա Անկարայի համար հաստատված դեկտեմբերի 11-ից հետո, հաղորդում է «Թրենդը»: