19 դեկտեմբերի 2015 - 13:54 AMT
Պետդումա է ներկայացվել Թուրքիայում հույների, ասորիների, եզդիների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

ՌԴ մի խումբ էսեր պատգամավորներ Պետդումայի քննարկմանն են ներկայացրել 1915-1922 թթ. Թուրքիայում հույների, ասորիների և քուրդ-եզդիների ցեղասպանության փաստերի հրապարակային ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը:

Առաջարկվում է որպես պատիժ մինչև 300.000 ռուբլի տուգանք սահմանել, կամ մինչև 3 տարի ժամկետով հարկադիր աշխատանքներ, կամ նույն ժամկետով ազատազրկման:

Եթե դա արվել է ծառայողական դիրքի կամ ԶԼՄ-ների օգտագործմամբ, ապա տուգանքն առաջարկվում է սահմանել 100.000-500.000 ռուբլի, իսկ ազատազրկումը` մինչև 5 տարի:

Օրինագծի համահեղինակներից մեկը, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը նշել է, որ այժմ Պետդումայի քննարկմանն է ներկայացված Թուրքիայում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Մեր օրինագծի տրամաբանությունը պարզ է ու ակնհայտ: 1915-1922 թթ. ցեղասպանությունից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև այլ ժողովրդների ներկայացուցիչներ` միլիոնավոր մարդիկ են զոհվել, սովամահ եղել, հայրենազրկվել: Եվ որպեսզի պատմական արդարությունն ամբողջական լինի, հարկավոր է ճանաչել թուրքական ռեժիմի բոլոր հանցագործությունները»,-ասել է Միրոնովը, հայտնում է Interfax.ru-ն:

Ավելի վաղ Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: 1914-1921 թթ. թուրքական իշխանությունները ոչնչացրել են 326-382 հազար խաղաղ հույների, որոնք վաղնջական շրջանից բնակվում էին Պոնտոսի տարածքում, ասվում է փաստաթղթում:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը:

Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: ա