21 դեկտեմբերի 2015 - 11:00 AMT
Դավիթ Բաբայանը` լայնածավալ պատերազմից խուսափելու Բաքվի 4 պատճառի մասին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 19-ին Բեռնում Ալիև-Սարգսյան մոտ 2 ժամ տևած (առանձին ձևաչափով նաև` համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի) հանդիպումների արդյունքներով կարծիք է հայտնել, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, ինչը, սակայն, ըստ նրա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի սահմանային դիվերսիոն քաղաքականությունը, հայտնում է Tert.am-ը:

«Պատերազմ չի լինի մի շարք պատճառներով, որպեսզի մենք ավելի ճիշտ պատկերացնենք` ինչու է Ադրբեջանը նման քայլերի դիմում, պետք է լավ հասկանանք այդ պետության հոգեբանության ապրելակերպը, արժեքները, իրավիճակը ներսում»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա` լայնամասշտաբ պատերազմ չսկսելու համար Ադրբեջանի պատճառներից առաջինն ու ամենագլխավորն այն է, որ կողմերի միջև կա հստակ ռազմաքաղաքական հավասարակշռություն: Այսինքն` Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմել Արցախի ու Հայաստանի դեմ և այդ պատերազմը հաղթել:

«Եթե նա այդ հնարավորությունն ունենար կամ ունենա կամ՝ զգացողություն, որ կարող է դա անել, նա կսկսեր, ինչպես սկսել է 1988-90 թվականներին»,- ասել է Բաբայանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ գերտերությունները, որոնք փաստացի համանախագահող երկրներն են, չեն ուզում պատերազմ: «Պատերազմ սկսելը շատ բարդ աշխարհաքաղաքական գործ, և 1990-ականներին դա ավելի հեշտ էր այն պատճառով, որ Անդրկովկասում ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում: Խորհրդային միության փլուզումից հետո վակուում առաջացավ, որևէ գլոբալ ուժ այնտեղ չէր կարող կարգավորել, որ պատերազմ չլինի, դրա համար կարողացավ, հիմա դա այդպես չէ, որովհետև Անդրկովկասում կան խոշոր, գլոբալ քաղաքական խաղացողներ, որոնք ունեն իրենց շահերը: Դա և՛ Արևմուտքն է, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը , և շատ դժվար է սկսել այդ պատերազմը, որովհետև եթե լինի պատերազմ, այն չի սահմանափակվելու Ադրբեջանով, Արցախով և Հայաստանով և այստեղ ներգրավված կլինեն և՛ տարածարջանային և՛ գլոբալ պետությունները»,- նշել Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա Ադրբեջանի համար շատ դժվար է ճեղքել այդ պատը, և պատերազմի դեպքում Ադրբեջանի նկատմամբ կսկսվի անհանդուրժողականություն ու մեկուսացում:

«Եվ այդ ամենը թույլ չի տալիս, որ Ալիևը դիմի գործողությունների, իհարկե, կարող է դիմել, եթե ռեալ չպատկերացնի իրավիճակը, բայց սա կործանարար կլինի Ադրբեջանի և իր իսկ կլանի համար` հաշվի առնելով այն գործընթացները, որ կան Ադրբեջանի ներսում»,- Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման մեկ այլ պատճառ նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Եվ չորրորդ պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման այն է, որ Ադրբեջանի ներսում ալիևյան կլանը թուլանում է, ինչի հետևանքով հետապնդումներ են սկսվել ոչ միայն ներքին ընդդիմախոսների, այլ սեփական պետական կառույցների նկատմամբ. Ձերբակալություններ և պաշտոնանկություններ Ադրբեջանի նախագահականում, արտգործնախարարությունում, ոստիկանությունում:

«Հատկապես, այս նավթի գների անկումից հետո նման հետևանքներ է ունենում, որովհետև նրանք թմրամոլների նման նստած են նավթի վրա, և առաջին հերթին իշխանությունը պահելու համար»,- ասել է Բաբայանը` հավելելով, որ սրա համար լավագույն տարբերակն արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, ինչը նաև թույլ է տալիս բոլոր նրանց, որոնք Ալիևի հետ համաձայն չեն, ներկայացնել որպես ազգի դավաճաններ:

«Միայն այն, որ մեկ տարվա ընդմիջումից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպում են, չնայած հանգամանքին, որ այդ հանդիպումից հետո սահմանին տասնյակ զոհեր են եղել, Դավիթ Բաբայանը համարում է ինքնին դրական, «որովհետև օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,- ընդգծել է նա:

Դավիթ Բաբայանը ոչ միայն չի բացառել, այլև համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է սահմանային դիվերսիոն գործողությունները` Թուրքիայի սադրանքներով ու «թիկունքով»: Նա նաև հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս Թուրքիայում արված հայտարարությունները, որ «քանի մեր ավագ եղբայրը մեր կողքին է, մենք չենք վախենում ոչնչից»:

Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ0, 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Ինչպես հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Կիրառվել են նաև 60-մմ (170 արկ), 82-մմ (201 արկ), 120-մմ (1 արկ) ականանետեր, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետեր, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանք: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտնել էր, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը շփման գծի ողջ երկայնքով գերազանցել են երկու հարյուրը: «ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ», - նշվում է ՊՆ հաղորդագրությունում: Դեկտեմբերի 19-ին Բերնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: