Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշ ունեցողն է Հայաստանում: Այդ են վկայում Gallup International միջազգային սոցիոլոգիական ընկերության ամենամյա հարցման արդյունքները:
Պուտինի մասին դրական կարծիք է հայտնել Հայաստանում հարցման մասնակիցների 79%-ը: Դա ավելին է, քան աշխարհի որևէ այլ երկրում, նույնիսկ Ռուսաստանում, որտեղ նրան դրական է վերաբերվում հարցվածների 72%-ը: Նմանատիպ ցուցանիշներ են արձանագրվել նաև Վիետնամում (76%), Մոնղոլիայում (73%): ՌԴ-ն հայտնվել է 4-րդ հորիզոնականում Սերբիայի և Բանգլադեշի հետ միասին` դրական արձագանքների 72-ական տոկոս:
Ընդ որում, Հայաստանը հայտնվել է ԱՄՆ նախագահ Օբամային բացասաբար վերաբերվողների առաջին շարքերում` հարցման մասնակիցների 43%: Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Պակիստանին, Պաղեստինին ու ՌԴ-ին, որտեղ Օբամային չի սիրում համապատասխանաբար հարցվածների 45%, 68% և 83%-ը:
Հայաստանում դրական վարկանիշով երկրորդ առաջնորդը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է` 51%: Սի Ձինպինի վարկանիշը 19% է, Անգելա Մերկելինը` 15%, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆինը` 6%, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիինը` 4%, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիինը` 3%:
Համաշխարհային մասշտաբով ամենաբարձր վարկանիշն ունի Օբաման` 59%, նրան հաջորդում են Մերկելը` 42%, Քեմերոնը` 37% և Օլանդը` 35%: Վլադիմիր Պուտինը 4-րդ տեղում է 33%-ով: Բացասական վարկանիշի առաջատարը Պուտինն է` 42%, նրան հաջորդում են Իրանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները` 32% և 31%, Չինաստանի նախագահն ունի 30%: Օբամայի, Քեմերոնի, Մերկելի և Օլանդի գործունեությունը չի արժանացել հարցման մասնակիցների 28-29%-ի հավանությանը:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 63976 մարդ աշխարհի 65 երկրից: