2016-ի հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն արդեն ազատված կլինեն պարտադիր լիցենզավորման պահանջից, ինչը մոտ 40%-ով կէժանացնի շինարարության ծախսերը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում լրագրողներին ասե լէ ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Քաղաքաշինության ոլորտում օրենսդրական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, որը վերաբերում է փոքր օբյեկտներին պարտադիր լիցենզավորման պահանջներից ազատելուն: Մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ այս մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, և հարցը մոտ 40 տոկոսով թանկացնում էր շինարարությունը: Հիմա արդեն օրենսդրական փոփոխության միջոցով այդ խնդիրը լուծված է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքացին պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրման սխեման և շինարարության իրավունք ստանա, գրում է Tert.am-ը:
Սարգսյանն ասել է նաև, թե Հայաստանում 226 կիսավարտ շինություն կա:
Նախարարության գերակա խնդիրների մեջ է մտնում մշակել և գերակա ծրագրեր ներկայացնել այդ շինությունների ճակատագրի վերաբերյալ: 5-10%-ը հնարավոր է, որ պիտանի չլինեն:
Անդրադառնալով աղետի գոտուն, Սարգսյանը տեղեկացրել է, որ 2017-ին դրա հետ կապված պետության պարտավորություններն ամբողջությամբ կավարտվեն:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում սկսել են գործող մշակութային օբյեկտները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը բարձրացվել էր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների կողմից: Ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքում գործող մշակութային օջախներում: Տվյալների հավաքագրումից հետո դրանք համադրվել են խնդրով զբաղվող ՀԿ-ների ունեցած տվյալների հետ:
Հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր ձևավորելու և հարցին հիմնարար լուծում տալու նպատակով քաղաքաշինության նախարարություն-ՀԿ-ներ գործակցությամբ համատեղ ծրագիր է մշակվել:
Արդյունքում՝ արդեն 2016-ի բյուջեով ներառվել են ՀՀ կառավարական տուն 3-ի հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց, գրում է Panorama.am-ը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացման նպատակով նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվել և կազմվել է խոշորացված նախահաշիվ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի համերգասրահի, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով:
Մուրադյանը տեղեկացրել է նաև, որ Երևանի Երիտասարդական պալատի՝ «Կուկուռուզնիկի» տեղում առաջիկայում նոր շինություն չի լինի: Նրա խոսքով՝ այսօր օրակարգում ոչ մի նախագիծ կառուցապատողի կողմից չկա:
«Եղել է մրցույթ, հաղթել է ճապոնացի ճարտարապետի նախագիծը: Ես ուրախ եմ, որ այդ նախագծով չի կառուցվելու այդտեղ շենք, քանի որ այն որևէ կապ չուներ Երևանի հետ: 100 մետրից բարձր մի քանի շենքեր էին նախատեսված՝ բոլորովին օտար ճարտարապետություն», - ասել է նա:
Խոսելով Սևան հյուրանոցի մասին, Մուրադյանն ասել է, որ այժմ աշխատանքներ են տարվում սեփականատիրոջ հետ, փաստաթղթային խնդիրներն են լուծվում, 2016-ին նախատեսված է նախագծի վերջնական ամփոփում, շինարարության մեկնարկ:
Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատվել է 2009-ին:
Շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շինարարության իրականացումը.
2) հայտատուի կողմից ներկայացված` հայցվող ոլորտի, բացառությամբ էներգետիկ ոլորտի, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող` տվյալ ոլորտի առնվազն մեկ մասնագետի առնվազն երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժը: Էներգետիկ ոլորտի դեպքում` սույն ենթակետում նշված պայմանները բավարարող առնվազն երկու տարբեր մասնագետ: