
Ճանապարհային ոստիկանությունն 2015-ին էլ Ամանորի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին: Այս մասին տեղեկացնում է ՃՈ լրատվական ծառայությունը:
«Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Ոստիկանությունը ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր, ձեր հարազատների, երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը:
Մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
« Հարգելի ծնողնե՛ր, տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ: Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաև տոնական հրավառությունների կազմակերպման անվտանգության կանոնները»:
ՀՀ կառավարության 2012-ի օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց հիշենք, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով չխախտենք նրանց անդորրը, չվտանգենք նրանց առողջությունը, նեղություն չպատճառենք մարդկանց:
Հայտարարությունում նշվում է, որ գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ: