28 դեկտեմբերի 2015 - 11:14 AMT
Իրաքյան Ռամադին ազատագրվել է ԻՊ գրոհայիններից

Իրաքի զորքերը դեկտեմբերի 27-ին ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադիի նախկին կառավարական համալիրը, որտեղ գտնվում էր գրոհայինների հենակետը, հայտնել է Reuters գործակալությունը իրաքյան զինվորականների վրա հղումով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ որոշ տվյալների, ԻՊ գրոհայինները փախել են քաղաքից հյուսիս-արևելյան ուղղությամբ:

«Հսկողության հաստատումն այդ համալիրում նշանակում է, որ ԻՊ գրոհայինները պարտվել են Ռամադիում: Հաջորդ քայլը կլինի դիմադրության լոկալ օջախների չեզոքացումը, որոնք դեռ կարող են լինել քաղաքում»,-ասել է Իրաքի ԶՈւ ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին:

«Համալիրը մեր լիակատար հսկողության տակ է, այստեղ ԻՊ գրոհայիններ չկան»,-ասել է նա:

Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է: Ռամադիի գրոհը սկսվել էր նոյեմբերի սկզբին, սակայն դանդաղ էր առաջ գնում, քանի որ կառավարությունը, ջանալով խուսափել միջդավանական բախումներից քաղաքի սունի բնակչության հետ, որոշել էր հրաժարվել շիաների մարտունակ աշխարհազորից, որի օգնությամբ հաջողվել էր գրավել Տիկրիտը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: