6 հունվարի 2016 - 14:32 AMT
Կոալիցիա. ԻՊ-ը Իրաքում և Սիրիայում կորցրել է իր հսկողության տակ գտնվող տարածքների 30%-ը

Հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հասել է նրան, որ 2015-ի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը և Սիրիայում՝ 20%-ը: Այս մասին հայտարարել է Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը, գրում է Նյուզու.քոմ կայքը՝ Reuters գործակալությանը հղումով:

«Մենք ենթադրում ենք, որ Իրաքում ահաբեկիչները կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը, իսկ Սիրիայում, որտեղ դժվար է հասնել լավ արդյունքների, 20%-ը: Իրաքում և Սիրիայում միասին նրանք կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 30%-ը»,- պարզաբանել է նա, գրում է Panorama.am-ը:

Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում նաև գրել էր, որ «ռումբերը կարող են հաղթել ԻՊ-ին ճակատում, սակայն միակ բանը, որ կարելի է գերազանցել «Իսլամական պետության» գաղափարները՝ նոր գաղափարներն են»:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Կարդացեք նաև՝ ԻՊ-ն ինքնաթիռներ խոցող հրթիռներ կարող է արտադրել