
Հունվարի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Թբիլիսիում հայկական Սբ Գևորգ եկեղեցի և մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին: Խիդաշելիին ուղեկցել են ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Խիդաշելին նշել է, որ Վրաստանի բանակում ծառայում են նաև Վրասանում ապրող հայեր և իր պարտքն է եղել շնորհավորել նաև նրանց տոնի կապակցությամբ, գրում է Razm.info-ն:
«Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Աստծո հայտնության տոնը: Ես ուզում եմ շնորհավորել մեր էթնիկ հայ քաղաքացիներին` մաղթելով խաղաղություն, երջանկություն և հաջողություններ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հայ զինծառայողներին, ովքեր ծառայում են մեր երկրին», - ասել է Խիդաշելին:
Պատարագից հետո Խիդաշելին հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Վերջինս Խիդաշելիին նվիրել է սրբապատկեր:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան տոնի առթիվպատարագ է մատուցվել նաև Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում :