9 հունվարի 2016 - 11:51 AMT
Ծաղկաձորն ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում է

Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում: Վարկանիշը կազմել է առաջատար ռուսական Travel.ru զբոսաշրջային պորտալը: Ծաղկաձորը զբաղեցրել է վարկանիշի երրորդ հորիզոնականը որպես ԱՊՀ լավագույն և մատչելի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը՝ զիջելով դիրքերը ղրղզական Կարակոլուին և բելառուսական Լոգոյսկին, հայտնում է barev.today-ը:

«Ծաղկաձորում հանգստի համար բյուջեն կազմում է օրական $50 մեկ մեծահասակի հաշվարկով: Այն ներառում է կացարանը 2-3-աստղանի հյուրանոցում ճոպանուղուց 15 կմ հեռավորության շառավիղով, ընթրիքի արժեքը սրճարանում հյուրանոցի անմիջական հարևանությամբ և մեկ օրվա համար նախատեսված ճոպանուղուց օգտվելու թույլտվությունը», -նշում է Travel.ru-ն:

Ծաղկաձորը նաև ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 15 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում ըստ Forbes-ի վարկանիշի:

«Հայաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է Թեղենիս լեռան ստորոտի գեղեցիկ հովտում: Հանգստավայրը հարմար է ցանկացած մակարդակի լեռնադահուկորդների համար»,-ասվում է Forbes-ի հրապարակման մեջ: