15 դեկտեմբերի 2006 - 13:58 AMT
Հնդկաստանն ու Հայաստանը լիարժեք ընկալում ունեն այնպիսի նուրբ հարցերի շուրջ ինչպես Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն են
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց Հնդկաստանի Լոկ Սաբհայի եւ Ռաջյա Սաբհայի նիստերին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հայկակն պատվիրակությունը հանդիպել է նաեւ Հնդկաստանի փոխնախագահ, Ռաջյա Սաբհայի նախագահ Բհայրոն Սինգհ Շեխավատի հետ, որը կարեւորեց երկու երկրներում գործուն ժողովրդավարության առկայությունը, որը շատ արագ արձագանքում է երկրի հիմնախնդիրներին: Նա բարեկամական ու սրտառուչ որակեց հայ-հնդկական միջխորհրդարանական կապերը` վստահություն հայտնելով, որ ԱԺ նախագահի այցը կամրապնդի առաջընթացին ու զարգացմանը միտված հարաբերությունները: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնելով հրավերի ու ընդունելության համար` նշեց, որ պարոն Շեխավատի այցը Հայաստան լավ ավանդույթի սկիզբ դրեց, որը շարունակելու բոլոր նախադրյալները կան: Նա ցանկություն հայտնեց, որ այդ ավանդույթը ոչ միայն խորհրդարանների, այլեւ ժողովուրդների բարեկամության վրա տարածվի: Պարոն Թորոսյանը նշեց, որ խորհրդարանների համագործակցությունը ամբողջացնում է երկու պետությունների հիանալի կապերը. համագործակցությունը միջազգային կառույցներում, առեւտրատնտեսական, գիտամշակութային հարաբերությունները եւ վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական կապերի զարգացման բնական շարունակությունը կլինի միջկառավարական հանձնաժողովի ակտիվացումը, որի վերջին նիստը գումարվել է երեք տարի առաջ: Նա նա- հույս հայտնեց, որ ամրապնդելու համար միջխորհրդարանական կապերը Հնդկաստանի խորհրդարանում կստեղծվի Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, ինչպիսին գործում է Ազգային ժողովում: Աժ նախագահը գոհունակություն հայտնեց այն իրողությունից, որ երկու երկրները եւ ժողովուրդները փոխադարձ լիարժեք ընկալում ունեն այնպիսի նուրբ հարցերի շուրջ ինչպես Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն են:
Հնդկաստանի փոխնախագահ, Ռաջյա Սաբհայի նախագահ Բհայրոն Սինգհ Շեխավատը համաձայնեց Աժ նախագահի հետ` հիանալի որակելով համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցելիս Հնդկաստանին ցուցաբերած աջակցության համար, եւ կար-որեց տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ խնդիրներ, որոնք փոխադարձորեն կարեւորվում են:
Պատվիրակության անդամները Ռաջհաթում ծաղկեպսակ դրեցին Մահաթմա Գանդիի հուշարձանին, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում: