ԱՄՆ-ն փորձում է նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շրջանում: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում:
Տարեսկզբին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ:
Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղեշ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական:
«Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում», - նշել է Ռոյսը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը:
Կոնգրեսականի խոսքով՝ խաղաղության ապահովման և բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել և պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից և շփման գծից:
«Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, ապա, անկախ փորձագետների և Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակի: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջը», - նշել է Էդ Ռոյսը:
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը վերջերս հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծում էր ԱՄՆ-ի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Որպես խաղաղության հաստատման հնարավոր միջոց, Միացյալ Նահանգներն առաջարկում է ընդլայնել ժողովուրդների միջև երկխոսությունը:
Ինչպես նշել է Պետքարտուղարի օգնական Ջոն Քըրբին, հայերն ու ադրբեջանցիները միմյանց կողքի են ապրել սերունդներով, և խաղաղության հասնելու համար նրանց անհրաժեշտ է կրկին անգամ սովորել վստահել միմյանց: