
Դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել են դեկտեմբերի 6-ին Azatutyun.am կայքէջում տեղադրված հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:
Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00-19:45-ի սահմաններում, այցելել է թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ, որից հետո մոտեցել է քվեարկության ծրարը կնքող և քվետուփի համար տվյալ պահին պատասխանատու հանձնաժողովի անդամին: Վերջինս նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը, ինչից հետո Ա. Գյուրջյանը լքել է ընտրատեղամասը՝ թողնելով քվեաթերթիկը և ծրարը: Նշված քվեաթերթիկը հանձնաժողովի որոշմամբ համարվել է անվավեր:
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրվել է 514 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
56 դեպքով հարուցվել է քրեական գործ:
2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: