
«Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Այս մասին հայտնել է օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Թարխանյանի խոսքով՝ նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ինքը՝ որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։
Այս համատեքստում ճարտարապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել ևպատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։
Ի պատասխան այս բանաձևի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:
2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար:
1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը: