Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը: Նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ:
Ամբողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ: