«Էրեբունի» ռազմական օդանավակայանում մեկնարկել են ռուսական ավիախմբի երիտասարդ օդաչուների թռիչքային պատրաստության գործնական պարապմունքները:
Օդաչուներն առաջին անգամ ինքնուրույն կթռչեն 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով ծովի մակերեսից 4-5 կմ բարձրության վրա` բարդ օդերևութաբանական պայմաններում, հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Բոլոր սպաները բուժզննության են ենթարկվել թռիչքներին մասնակցելուց առաջ:
Առաջին թռիչքների ժամանակ օդաչուները կատարել են թռիչք, վայրէջք, իրականացրել են կործանիչների ղեկավարում լեռնային բարդ պայմաններում նշագծված երթուղիներով: Թռիչքների առանձնահատկությունն է սահմանափակ թռիչքուղին և հայ-թուրքական սահմանին մոտ լինելը:
Անհատական պարապմունքների ավարտից հետո ՄիԳ-29-ի օդաչուները պետք է փետրվարի կեսից մեկնարկեն լեռնային պայմաններում անհատական և ստորաբաժանումների կազմում թռիչքներիի փորձարկումները:
2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։
2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: