18 դեկտեմբերի 2006 - 15:28 AMT
Վարդան Օսկանյանը եւ Փիտեր Սեմնեբին քննարկել են Ղարաբաղյան հարցի վերջին զարգացումները
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված Գործողությունների ծրագրի իրականացմանը: Բացի այդ, Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Նախարարը վերահաստատեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը առաջիկայում միջազգային դիտորդների հրավիրման վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր փոխանակվեցին հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ` նախարար Օսկանյանի դեկտեմբերի17-ին Իրան կատարած այցի լույսի ներքո: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Փ. Սեմնեբին նշեց ԵՄ դիրքորոշումը` վկայակոչելով ընթացիկ տարվա նոյեմբերին Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որտեղ մասնավորապես, անդրադարձ կա Հայաստանի հետ սահմանների բացման անհրաժեշտությանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսեց նախօրեին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի հետ հանդիպման մասին, ինչին հաջորդեց Վ. Օսկանյանի եւ Փ. Սեմնեբիի գնահատականների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումներիհ վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էր 2007թ. հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը: Նշենք, որ 2007 թվականի հունվարի 1-ից Գերմանիան նախագահելու է ԵՄ-ում: