16 հունվարի 2016 - 14:30 AMT
Բաբայանը՝ Չավուշօղլուի խոսքերի մասին. Թուրքիան ինքն է օկուպանտ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը պաշտոնական Ստեփանակերտը նշանակություն չի տալիս, քանի որ թուրքական բարձրաստիճան ղեկավարության կողմից նույնաբովանդակ հայտարարությունները արդեն սովորական են դարձել: Այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ Չավուշօղլուն պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին: Նա ասել էր, որ Ադրբեջանի խնդիրն ուղղակիորեն Թուրքիայի խնդիրն է, ու քանի դեռ Ադրբեջանի տարածքների 20%-ը «օկուպացված է» և գոյություն ունի Ղարաբաղի հարց,ապա Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել:

«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները, ճիշտ է, շաբլոն են, բայց ցույց են տալիս այդ երկրի էությունը: Անհեթեթ հայտարարություն է, որովհետև եթե Թուրքիան խոսում է այսպես կոչված, օկուպացիայի մասին, ապա պետք է հասկանալ, որ հենց ինքը` Թուրքիան է օկուպացրել ուրիշների հողերը, տիրացել է այդ մշակույթին, յուրացրել նրանց նյութական արժեքները: Ընդհանրապես այդ մարդիկ եկել են ուրիշ տեղից, քոչվորների պես եկել տիրացել են ուրիշի տարածքներին ու երբ խոսում են արդարության, օկուպացիայի մասին, առաջին հերթին պետք է իրենց, իրենց անցյալը նայեն, հետո խոսեն»,- ասել է Բաբայանը, գրում է Panoram.am-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան, լինելով ագրեսիվ, ֆաշիստական պետություն, ընդհանրապես, արհեստական ստեղծված պետություն է:

«Երևի դա բնական է, որովհետև նման պետությունները հենց այդպես էլ պետք է իրենց պահեն, որովհետև անհնար է, որ զավթողը, օկուպանտը խոսի բարոյական նորմերի մասին: Թուրքիան չի ուզում ապաշխարի, ինքը չի ուզում հասկանալ, որ ապաշխարանքով է իր գոյատևման լեգիտիմությունը ապահովել: Ու դրան հակառակ պաշտպանում է մեկ այլ ագրեսորի` Ադրբեջանին: Ավելին, Թուրքիան երբ խոսում է, որ Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է նաև, դա նույնպես օկուպացիա է: Այսինքն ինքը դիտարկում է Ադրբեջանը որպես Թուրքիայի տարածք», - նկատել է Բաբայանը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: