19 դեկտեմբերի 2006 - 15:58 AMT
Նախիջեւանի խաչքարերին նվիրված ցուցահանդեսը ցուցադրվելու է Եվրոպայի բոլոր մայրաքաղաքներում
Ադրբեջանի կողմից Հին Ջուղայում (Նախիջեւան) ոչնչացված հայկական գերեզմանոցին նվիրված ցուցահանդեսը ցուցադրվելու է բոլոր եվրոպական մայրաքաղաքներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշակութային արժեքների պահպանության դիտորդական առաքելությունը տարածաշրջան կժամանի 2007 թվականին:
«Ադրբեջանը պայմաններ է դրել խմբի այցելության համար. եթե այն մեկնում է Նախիջեւան, ապա պետք է լինի Լեռնային Ղարաբաղում, քանի որ այնտեղ, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, կան հայերի կողմից ոչնչացված պատմական հուշարձաններ: Սակայն, հարեւան երկիրը շրջանցում է այն փաստը, որ կործանումները Լեռնային Ղարաբաղում դարձել են ռազմական գործողությունների արդյունք, մինչ դեռ Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ոչնչացումը ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունն է»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: