19 դեկտեմբերի 2006 - 16:57 AMT
Չնայած ամեն ինչի, Թուրքիան պատրաստվում է շարունակել ԵՄ ինտեգրման գործընթացը
Թուրքիան շարունակելու է ԵՄ ինտեգրման գործընթացը, չնայած Բրյուսելի գագաթնաժողովին ընդունված որոշմանը` Եվրամիություն մտնելու բանակցությունների մասնակի սառեցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, ԵՄ կողմից ընդունված որոշումը` Անկարայի հետ բանակցությունները սառեցնելու մասին, հակասում է Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ոգուն:
«Մենք չենք հրաժարվել Եվրամիություն մտնելու նպատակից եւ լի ենք այդ ուղով շարժվելու վճառականությամբ: Մենք գիտենք մեր ունեցած թերությունների մասին եւ անում ենք անհրաժեշտ ամեն ինչ դրանց վերացման համար»,- նշել է Գյուլը: Նրա կարծիքով, ԵՄ-ն ճգնաժամ է ապրում, եւ «դրա մի շարք անդամների գլուխներում խառնաշփոթ է»:
«Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններում խոչընդոտ հանդիսացող Կիպրոսյան հարցը պետք է կարգավորվի ՄԱԿ-ում, այլ ոչ թե ԵՄ-ում: Կիպրոսի հարցի համապարփակ լուծում կարող է ապահովվել միայն ՄԱԿ-ում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: