21 հունվարի 2016 - 11:09 AMT
Թուրքիայի տարածքից հրետակոծվել է Քեսաբը

Թուրքական սահմանից ոչ հեռու, Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող հայաբնակ Քեսաբը հունվարի 20-ին հրետակոծվել է «Գրադ» ռեակտիվ հրետանային համակարգերից: Հրետակոծել են Թուրքիայի տարածքից:

Ինչպես գրում է Asbarez-ը «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի վրա հղումով, քաղաքի ուղղությամբ երկու արկ է արձակվել: Մեկն ընկել է տեղի մզկիթից մի քանի մետր հեռավորության վրա, մյուսը` հայ ավետարանչական եկեղեցու մոտ: Հրետակոծման արդյունքում մեկ մարդ ծանր վիրավորվել է, զոհեր չկան:

Քեսաբը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանային շրջանում, այնտեղ 2,5-3 հազար հայ է ապրում, տարածաշրջանում կան նաև հայաբնակ գյուղեր: 2014 թ. մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: