21 հունվարի 2016 - 10:55 AMT
Թրքուհին ժեստով Էրդողանին վիրավորելու համար մոտ 1 տարով ազատազրկվել է

Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհի Ֆիլիզ Ակընջին դատապարտվել է 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական ժեստի համար, հայտնել է թուրքական Hurriyet-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում 2014-ի մարտին, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր և հեռանում էր իր կուսակցության նախընտրական հանրահավաքից: Պատշգամբում կանգնած Ակընջին իբր նրան ինչ-որ ժեստ է ցույց տվել ձեռքով, որն Էրդողանը վիրավորական է համարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ակընջիի, իր ժեստն Էրդողանին չէր հասցեագրված: Կնոջ փաստաբանը պնդում է, որ քանի որ Էրդողանը հանրահաքում հանդես էր գալիս որպես կուսակցության նախագահ, այլ ոչ թե պաշտոնյա, այդ միջադեպում նրա հանդեպ չի կարելի կիրառել պետծառայողներին վիրավորելու մասին օրենքը:

Այնուամենայնիվ դատարանը դատապարտել է կնոջը 1 տարվա ազատազրկման` կրճատելով ժամկետը մինչև 11 ամիս 20 օրվա լսումների ընթացքում «լավ պահվածքի» համար: Նրան պարտավորեցրել են նաև փոխհատուցել Էրդողանի ծախսերը փաստաբանների ծառայությունների համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էրդողանն իր փաստաբանների միջոցով հայց է ներկայացրել ընդդիմադիր Քեմալ Ղըլիչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեմ: Ինչպես հայտնել էր «Զաման» թերթը, Թուրքիայի նախագահը մտադիր է $33 հազար (100 հազար թուրքական լիրա) գանձել իրեն վիրավորած ընդդիմության առաջնորդից հրապարակային վիրավորանքի համար:

Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում լրագրողների, իշխանությունները տասնայկ հայցեր են ներկայացրել պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով: Ըստ օրենքի նախագահին հրապարակավ վիրավորելու համար նախատեսվում է տուգանք կամ 1-4 տարվա ազատազրկում: