Շանգալում եզդի ազատամարտիկները շարունակում են իրենց պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ: Օրերս եզդի ազատամարտիկները ազատագրել են մի բնակավայր, որի բնակիչները քրիստոնյաներ են եղել:
Բնակավայրում իսլամիստների քանդված եկեղեցու վրա եզդի մարտիկները խաչ են բարձրացրել և իրենց հարգանքի տուրքը մատուցել: Եզդի մարտիկները նաև պատրաստակամություն են հայտնել վերականգնել քրիստոնյաների սրբատեղին, տեղեկացնում է«Սինջար» եզդիների ազգային միավորման մամուլի կենտրոնը:
Եզդի մարտիկները հայտարարել են, որ քրիստոնյաները եզդիբնակ Շանգալի անբաժանելի և կարևոր մասն են հանդիսանում ու արվելու է ամեն ինչ նրանց հետ վերադարձի համար:
Քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի խնդրանքով:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006-ի հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: