25 հունվարի 2016 - 10:36 AMT
ՀՀ ու Իրանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կապերի հետագա զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սարգսյանը և Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և գործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը»:

«Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրի համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ամբողջ ներուժը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն Իրանում հանդիպել էր ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր: Բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ: Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների գործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար:

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել gwրծակցությունը: