25 դեկտեմբերի 2006 - 16:49 AMT
ԱՊՀ տարածքի չճանաչված հանրապետությունները դիմել են ՄԱԿ
Վերջերս «Հանուն ժողովրդավարության եւ ժողովրդների իրավունքի» ընկերակցությունը, որ միավորում է Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, հանդես է եկել ընդհանուր դիրքորոշմամբ, եւ առաջին անգամ այդ դիրքորոշումը հասու է դարձել ՄԱԿ-ին: Պատճառը ՄԱԿ-ի օրակարգորմ սառեցված հակամարտությունների մասին հարցի ընդգրկման վերաբերյալ ՎՈՒԱՄ երկրների առաջարկն էր: «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է Մերձդնեստրի արտգործնախարար Վալերիա Լիցկայաի նամակը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Առաջին անգամ ՎՈՒԱՄ-ը փորձեց օգտագործել հավաքական ազդեցության էֆեկտը միացյալ բանաձեւ ընդունելու եւ չճանաչված պետությունների դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառմանն հասնելու համար: Ի տարբերություն այլ միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է ինչպես տնտեսական պատժամիջոցների կիրառում, այնպես էլ ուղղակի ռազմական միջամտություն` այսպես կոչված պարտադրյալ խաղաղություն: Մենք հուշագիր ենք նախապատրաստել (բոլոր երեք ԱԳՆ-ները) եւ դիմել ենք Ռուսաստանին որպես երաշխավոր երկրի, խնդրելով ՄԱԿ-ում իր ներկայացուցչության միջոցով տարածել այս փաստաթուղթը: Եվ կազմակերպել հարցի բազմակողմանի քննարկում, հաշվի առնելով մեր դիրքորոշումը, այլ ոչ թե միայն ՎՈՒԱՄ-ի առաջարկները»:

Լիցկայաի կարծիքով, հուշագիրը բացել է հակամարտությունների իրական պատկերը` այնտեղ կան պատերազմներ եւ շրջափակումներ, կազմակերպված Քիշնեւի եւ Թբիլիսիի կողմից: «Փաստաթղթում շարադրված փաստերը հիմք են հանդիսանում ՄԱԿ-ի պատժամիջոցների մեխանիզմի գործարկման համար: Ուղղակի նրա թիրախը Տիրասպոլը չի լինի: Մոսկվայի աջակցությամբ չճանաչվածների հուշագիրը պատճառ հանդիսացավ սառեցված հակամարտությունների հարցում ՄԱԿ-ում ձեւավորված դիրքորոշման փոփոխության պատճառը: Ըստ փորձագետների, արդյունքում մեղադրողները` Մոլդովան եւ Վրաստանը կարող էին վերածվել մեղադրյալների: ՎՈՒԱՄ-ը որոշեց չդիմել ռիսկի: Եվ այդ միավորման պետությունները ետ կանչեցին իրենց առաջարկը: ԱՊՀ տարածքի հակամարտությունների հարցը Գլխավոր վեհաժողովում չի արծարծվել, որի գլխավոր պատճառը չճանաչված հանրապետությունների հուշագիրն է: Այս քայլը առաջինն է դեպի միջազգային ամբիոն, ինչպես նաեւ միջազգային ճանաչում ճանապարհին»,-ընդգծում է Մերձդնեստրի ԱԳՆ ղեկավարը: