26 դեկտեմբերի 2006 - 17:24 AMT
2007 թվականին Հայաստանն ու ԱՄՆ-ն կաշխատեն միասին` կերտելու Հայաստանի ժողովրդի պայծառ ապագան
«Ես հուսով եմ, որ 2007թվականի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն կաշխատեն միասին` կերտելու Հայաստանի ժողովրդի պայծառ ապագան: Առաջիկա տարին նշանակալի կլինի, քանզի իմ երկրի կառավարությունը հաստատակամ է աջակցել Հայաստանին կայանալու որպես ծաղկուն ժողովրդավարական մի երկիր»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ամանորյա ուղերձում: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի խոսքերով, 2007 թվականը հատկապես կարեւոր ու հետաքրքրական կլինի, քանզի Հայաստանը հնարավորություն ունի ի ցույց դնել ժողովրդավարության մասով ստանձնած հանձնառություններին իր հավատարմությունը` անցկացնելով ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ: Նա նաեւ հիշեցրել է, որ 1992թ. ի վեր Հայաստանին հատկացվել է շուրջ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն, ինչը խթանել է ժողովրդավարության զարգացմանն ու Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հաստատմանը: «Ամերիկյան ժողովրդի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- ասվում է ուղերձում: