18 նոյեմբերի 2002 - 19:00 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԱԶԻՎ ԹԵ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԻՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ
Միամիտ կլինի ենթադրել, թե Թուրքիան եւ նրա եղբայր Ադրբեջանը կհրաժարվեն հայկական հողերը հայերից ազատելու իրենց ծրագրերից, ինչը հանդիսանում է Մեծ Թուրանի գաղափարի մի մասը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաքսիմ Միրզոյանը` մեկնաբանելով Թուրքիայում վերջերս կայացած ընտրություններում իսլամական ուժերի հաղթանակը եւ ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ադրբեջանին աջակցություն ցույց տալու պատրաստակամության մասին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդոգանի հայտարարությունը: Միրզոյանի խոսքերով, Թուրքիայում իշխանության եկած իսլամիստներն արդեն հասցրել են հրապարակայնորեն հայտարարել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Նախիջեւանը թուրքական տարածք են հանդիսանում: Ավելին, նրանք հավակնում են նաեւ Հարավային Ադրբեջանին (Իրան), ինչը հղի է տարածաշրջանում արմատական ցնցումներով: «Ահա թե ինչու մենք պետք է զգոնություն ցուցաբերենք, հստակ եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարենք»,- ընդգծել է պատգամավորը: