29 հունվարի 2016 - 12:46 AMT
Գործադիր. Նախարարներին կից կոլեգիաների ստեղծումը պարտադիր չի լինելու

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում հաստատվել է մի որոշում, ըստ որի` նախարարներին կից կոլեգիաների ստեղծումն այլևս չի կրի պարտադիր բնույթ, դրանք կձևավորվեն հայեցողական հիմունքներով:

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ ստեղծված հասարակական խորհուրդների հանգամանքով պայմանավորված` կվերացվի կից կոլեգիաներում հասարակական ոլորտի ներկայացուցիչների ընդգրկման անհրաժեշտությունը:

«Կառավարության այս որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015-ի դեկտեմբերի 2-ի հանձնարարականի կատարման ապահովմամբ: Դրա համաձայն՝ ՀՀ կառավարության 2015-ի նոյեմբերի 26-ի որոշմամբ` առաջիկայում նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ, մի շարք նախարարներ նպատակահարմար չեն գտնում դրանց զուգահեռ իրենց կից կոլեգիաների հետագա գործունեությունը»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը:

«ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2015-ի պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

ԴԱՀԿ-ն ու մաքսային ծառայությունը այսուհետև կշփվեն էլեկտրոնային եղանակով:

ՀՀ կառավարության նիստում նաև որոշում է ընդունվել, համաձայն որի, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակի:

«Հիմա երկու ծառայությունների միջևր կապը իրականացվում է թղթային եղանակով, ինչը ժամանակ է խլում, ինչպես նաև մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ», - հայտարարել է Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությամիջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումը իրականացվում է թղթային տարբերակով, որպիսի պայմաններում վերը նշված երկու ծառայությունների միջև փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես՝ թղթային տարբերակով տվյալների փոխանակումը, արգելանքի կիրառումը և արգելանքից ազատումը, պահանջում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը:

Նման պայմաններում Հարկադիր կատարման ծառայությունը հաճախ ստիպված է լինում, մասնավորապես, արգելանքից ազատման հաղորդագրությունը առձեռն տրամադրել կատարողական վարույթի կողմերին համապատասխան մարմին ներկայացնելու համար:

Բացի այդ, Ծառայությունների միջև փաստաթղթաշրջանառության թղթային տարբերակով իրականացումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է պահանջում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում պետք է ապահովվի էլեկտրոնային եղանակով փոխանակվող տեղեկատվության տեխնիկական նկարագրերի հաստատումը:

Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում է Մաքսային ծառայության և Հարկադիր կատարման ծառայության միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով: