29 հունվարի 2016 - 15:57 AMT
Գերմանացիների 40%-ը կողմ է Մերկելի պաշտոնանկությանը

Գերմանիայի քաղաքացիների մեկ երրորդից ավելին ցանկանում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելը հեռանա պաշտոնից փախստականների հանդեպ նրա քաղաքականության պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters-ը, Insa ընկերության կողմից անցկացված հարցման վրա հղումով:

Ըստ հարցման տվյալների, գերմանացիների 40%-ը կողմ է, որպեսզի Մերկելը հեռանա իր պաշտոնից ներգաղթի խթանման քաղաքականության պատճառով, սակայն 45%-ը իշխանությունների գործողությունները փախստականների հարցում պաշտոնանկության պատճառ չի համարում: Հարցումն անցկացվել է հունվարի 22-25-ը Գերմանիայի 2047 բնակչի շրջանում, հայտնում է «Վեդոմոստին»:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Հունվարի 18-ին Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ գրավոր պահանջեցին Մերկելից փակել մուքտը երկիր այն փախստականների համար, որոնք քաղաքական ապաստանի իրավունք չունեն: Նույն օրը Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարեց, որ Մերկելի միգրացիոն քաղաքականությունն ունի «միանգամայն հստակ ծրագիր, որի նպատակն է կատարել ազգային և եվրոպական խնդիրները»: