18 նոյեմբերի 2002 - 18:58 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ ԱՆԲԱՐՅԱՑԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
«Ռուսները կորցնում են Ադլերը` այդ քաղաքի դպրոցների աշակերտների 50 տոկոսը հայեր են»: Նման հայտարարությամբ, ինչպես գրում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հանդես է եկել Կրասնոդարի երկրամասի նախկին նահանգապետ Նիկոլայ Կոնդրատենկոն, որն առաջնորդում է տեղի ազդեցիկ «Հայրենիք» կուսակցությունը: Այդ հարցում նա մեղադրել է Ադլերի շրջանի նախկին ղեկավար Ազատ Ասատուրովին, որն, իր խոսքերով, ժամանակին աջակցել է շրջանում հայերի ապօրինի գրանցմանը, եւ այդպիսով ավելացրել նրանց քանակը: Հայազգի մեկ այլ ներկայացուցիչ` Երվանդ Յայլին, ինչպես նշում է «Երկրամաս» թերթը, լինելով «Հայրենիքի» անդամ, չի ստացել կուսակցության աջակցությունը Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովում առաջադրվելու համար: Կոնդրատենկոյի խոսքերով, թեեւ Յայլին «հիանալի մարդ է եւ Ռուսաստանի իսկական հայրենասեր, նրա թեկնածության առաջադրումը հուզումներ կառաջացնի կուսակցության շարքերում»: Այսինքն, Կրասնոդարի խորհրդարանի պատգամավորության թեկնածուին հենց հայկական ծագումը թույլ չի տվել ստանալ կուսակցության աջակցությունը, գրում է թերթը: