9 հունվարի 2007 - 16:04 AMT
Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնութ֊յունների շարքում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ինչպես ասվում է Հայաստանի արտգործնախարարության 2006 թվականի տերական հաշվետվության մեջ, անցյալ տարվա ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություններ: Երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը մեծապես նպաստել է 2006թ. Ռուսաստանում Հայաստանի Տարվա անցկացումը, որի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի այցելություններ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, ռազմաքաղաքական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման, ԼՂ հարցի կարգավորման, տարածաշրջանի զարգացման եւ կայունության պահպանման, վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված եւ բազմաբնույթ այլ հարցեր: Հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում կողմերը մասնավորապես քննարկել են Կովկաս-Փոթի երկաթուղային-լաստանավային հաղորդակցության կանոնավոր աշխատանքի ապահովման ուղիները, ինչպես նաեւ Նովորոսիյսկ-Փոթի ավտոմոբիլալաստանավային հաղորդակցության կազմակերպման հնարավորության հարցը: Հայաստանը, ընդգծելով վերջինիս կենսական մեծ նշանակությունը մեր երկրի համար, ակնկալում է, որ մոտ ապագայում այն կգործարկվի իր ամբողջ ծավալով եւ ներուժով, իսկ Լարսի հայտնի անցակետի վերանորոգման աշխատանքները կավարտվեն հնարավոր սեղմ ժամկետներում: