9 հունվարի 2007 - 18:39 AMT
2006 թվականին Հայաստանի եւ ԵԱՀԿ հարաբերությունները ակտիվացել են
Հաշվետու տարին աչքի է ընկել ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունների ակտիվացմամբ: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ: «ԵԱՀԿ-ը շարունակում է դրական դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում կայունության եւ համապարփակ անվտանգության հաստատման, հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ճգնաժամային կառավարման, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման գործընթացներում»,- ասվում է հաշվետվության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ տարվա սկզբում պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը, ինչպես նաեւ ԵԱՀԿ «Եռյակը»: Կազմակերպությունը մասնակցում է նաեւ Հայաստանի բնապահպանական ծրագրերին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն մասնակցել է ՀՀ տարածքում դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից մնացած հրթիռային վառելիքի ոչնչացման, այսպես կոչված «Մելանժ» ծրագրի բացման արարողությանը: Հուլիսին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Սյունիքի մարզում բացվել է ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ: