9 հունվարի 2007 - 19:07 AMT
ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է
Եվրամիություն -Հայաստան հարաբերությունների կարեւոր մաս է կազմում նաեւ երկկողմ առեւտուրը: Ինչպես նշվում է Հայաստանի արտգործնախարարության 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ, ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է : Այսպես, 2006թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԵՄ-ի հետ ՀՀ առեւտրային շրջանառությունը կազմել է ավելի քան 766 մլն դոլար (ընթացիկ գներով), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրել է 12 տոկոս աճ:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ տարբեր ձեւաչափերում երկկողմ շփումների ընթացքում ԵՄ-ը կարեւորում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ աջակցել Մինսկի խմբի համանախագահներին: ԵՄ ցանկություն է հայտնել մասնակցելու հետհակամարտային վերականգման գործընթացին, ընդհուպ մինչեւ խաղաղապահների տեղակայում: Իր վերջին այցի ընթացքում ԵՄ Հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել խորացնել ԵՄ անմիջական կապերը ԼՂՀ-ի հետ: