11 հունվարի 2007 - 17:39 AMT
Արգենտինայում այսօր օրենքի ուժ ստացավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը
Արգենտինայում այսօր օրենքի ուժ ստացավ խորհրդարանի եւ Սենատի կողմից վավերացված օրինագիծը, ըստ որի Հարավային Ամերիկայի ամենահայաշատ այս երկիրը փաստորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչները մինչեւ հունվարի 10֊-ը կարող էր վետո դնել` մերժելով օրինագիծը: «Քանի որ նախագահը դա չի արել, այսօր` հունվարի 11-֊ին այն դե ֆակտո օրենքի ուժ է ստացել», -֊ «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Արգենտինայի նախագահի աշխատակազմում: Ըստ օրենքի, ապրիլի 24-֊ը հռչակվում է Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր` ոգեկոչելով հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը: Օրենքը նաեւ թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24֊-ին բացակայել աշխատանքից` ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի ուսանողներին նույնպես թույլատրվում է այդ օրը չներկայանալ դասերին: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմել էր Արգենտինայի նախագահին` խնդրելով մերժել օրինագիծը, քանի որ այն «վատ տպավորություն է ստեղծում Թուրքիայի մասին եւ ատելություն է սերմանում»: