6 փետրվարի 2016 - 12:46 AMT
ՀՀ սահմանին Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար հսկողությունը կուժեղացվի

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ պետական սահմանի անցակետերում կուժեղացվի հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Հայաստանի ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԲՆ մամուլի ծառայությունը:

2013 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ նկարագրվել է Զիկա վիրուսով հիվանդացման և Գիեյն-Բարեի համախտանիշի (նյարդային համակարգի ախտահարում, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ) առաջացման կապը: 2014 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում, ինչպես նաև 2015 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած բռնկման ընթացքում՝ հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը:

Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր:

Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել:

2016 թվականի փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է Զիկա տենդով պայմանավորված իրավիճակին համակարգված միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ բարելավելու հիվանդության համաճարակաբանական հսկողությունը, վարակի, բնածին արատների և նյարդաբանական բարդությունների հայտնաբերումը, ակտիվացնելու մոծակների դեմ պայքարի միջոցառումները, արագացնելու ախտորոշիչ թեստերի և պատվաստանյութերի մշակումը՝ պաշտպանելու վտանգավոր տարածքներում գտնվող մարդկանց, հատկապես կանանց՝ հղիության ընթացքում: Զիկա վիրուսի տեսանկյունից անապահով երկրներ միջազգային ճանապարհորդությունները և այցելությունները չեն սահմանափակվել:

Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարևոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում մթնշաղին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր: Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար՝ ներառյալ հղի և կերակրող մայրերին: Դրանք կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Photo: AP