13 հունվարի 2007 - 13:34 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն
Թուրքիան պետք է նորմալ հարաբերություններ հաստատի տարածաշրջանում իր բոլոր հարեւանների հետ առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Երեւանում «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով խորհրդաժողովում: Նրա խոսքերով, թուրքական կառավարությունը չի կատարում Եվրամիության պայմաններից մեկը, ըստ որի ԵՄ-ին անդամակցության ձգտող երկիրը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա տարածաշրջանի բոլոր երկրների հետ: «Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնատու է սահմանամերձ շրջաններին, որոնք այդ դեպքում նոր խթան կստանան զարգացման համար: Տնտեսապես շահավետ է նաեւ վերականգնել Կարս-Գյումրի երկաթուղին»,-ընդգծել է Կիրակոսյանը: ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր չի գործադրում տարածաշրջանում համագործակցություն հաստատելու համար, որն, ըստ Արման Կիրակոսյանի, կարող է դառնալ կայունության երաշխիք:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն: «Մինչ օրս հիմնական հարաբերություները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրականացվում էին հասարակական կազմակերպությունների, այլ ոչ թե կառավարական մակարդակով: 2005 թվականին Հայաստանի նախագահը պատասխան ուղերձ էր հղել Թուրքիայի ղեկավարությանը, առաջարկելով ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով երկրների միջեւ երկխոսություն հաստատելու համար, սակայն մինչ օրս Թուրքիայի իշխանություններից պատասխան չի ստացվել: Երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջեւ եղել են հանդիպումներ, հանդիպել են նաեւ ԱԳՆ ղեկավարները, սակայն դրանք բոլորն անարդյունք են անցել»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Կիրակոսյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության առանց նախապայմանների, որոնք են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: