10 փետրվարի 2016 - 12:21 AMT
Փարիզում Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված հուշ-երեկո է անցկացվել

Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը` Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննեսյանի հայրապետական օրհնությամբ փետրվարի 7-ին` Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրել է մշակութային հուշ-երեկո:

Միջոցառումը նվիրված էր Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը, տեղեկացնում է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի լրատվական բաժինը:

Ըստ աղբյուրի, ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գևորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորներն անցնելով Պատմական հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը և գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Միջոցառման բացումը օրհնության խոսքով և աղոթքով կատարել է Տեր Վահան սրբազանը:

Այնուհետև` կարճ ելույթով հանդես է եկել և ներկաներին Բարեկենդանի տոնի առիթով շնորհավորել ու ողջունել Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը: Ելույթի ավարտին պարոն Աբրահամյանը Վահան սրբազանին շնորհել է Արևմտյան Հայաստանի հայի ինքնության ու քաղաքացիության վկայական:

Միջոցառման ավարտին «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանը համառոտ ներկայացրել է ֆիլմը, շնորհակալագիր հանձնել բարերար Պարույր Գևորգյանին և շնորհավորագիր` Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Բիատրիս Նազարյանին:

Միջոցառման ավարտին ներկաների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ և կարծիքների ու մտքերի փոխանակություն:

Խնուս կամ Խնունիս, գավառ և քաղաք Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառում, Արածանիի աջակողմյան Խնուս վտակի ավազանում: Խնուս գավառը XVI դ. 2-րդ կեսին ընկել է թուրքական տիրապետության տակ և կազմել Էրզրումի էլայեթի Խնուս գավառը (համանուն կենտրոնով): XVIII դ. 70-ական թթ. Խնուսի և Մանազկերտի բեյերի միջև արյունալի բախումների հետևանքով բազմաթիվ հայկական գյուղեր հիմնահատակ ավերվել են: Այնուամենայնիվ, XIX դ. սկզբին գավառն ուներ 58 հայկական գյուղ՝ 21 հզ. հայ բնակչությամբ:

1881-ի կեսին Խնուս բերդաքաղաքում կար 947 հայ բնակիչ: 1895-ի աշնանը Խնուսի մի շարք գյուղեր ենթարկվել են կոտորածների: XX դ. սկզբին գավառի 33 հայաբնակ բնակավայրեր ունեին 19 հզ., 1914-ին՝ 24.5 հզ. բնակիչ: Խնուս քաղաքի 900 տուն բնակիչներից 325-ը (2163 մարդ) հայեր էին:

Հայոց ցեղասպանության ժամանակ, 1915-ի մարտին, Խնուսում և գյուղերում ձերբակալվել, Էրզրում և Կեսարիա են աքսորվել 25 հայ մտավորական: Մայիսի սկզբին ռուսական զորքերը, գրավելով Բուլանըխը, քրդական ջոկատներին հարկադրել են նահանջել Խնուս, որտեղ նրանք մինչև մայիսի 20-ը ասպատակել են Սայլու (Սարչու), Կարաչոբան, Դուման, Մժնկերտ, Քաղքիկ և այլ հայկական գյուղեր: Հատկապես արյունալի դեպքեր են տեղի ուենեցել մայիսի 19-ին:

Ինքնապաշտպանության դիմած հայերին որոշ վայրերում աջակցել են խնուսցի թուրքերը, որից անհանգստացած՝ իշխանությունները շուտով ձերբակալել են հայերին, զինաթափել թուրքերին: Մայիսի վերջին ձերբակալաված 600 հայեր ևս աքսորվել ու ոչնչացվել են Էրզրումի ճանապարհին: Մայիսի 20-ին սկսվել է գավառի 37 հայկ. գյուղերի տեղահանությունը: 1700 տուն խնուսցիներից բաղկացած կարավանը տարվել է Գում-գում և Վարդո: Հունիսի 11-ին Բասկանի մոտ ՝ Քըռու չատ կիրճում նրանց մեծ մասը, այդ թվում՝ 27 նորածին, գնդակահարվել են: Փախուստի դիմած կանանց մի քանի օր անց ձերբակալել են և Գունդեմիրի ոստիկանապետ Միրզա Ալիի կարգադրությամբ ջրահեղձ արել Ամարակ լճում: 1916-ի փետր. սկզբին, ռուս. զորքերի կողմից Խնուսի գրավումից առաջ, նահանջող թուրք և քուրդ զինվորականները սրի են մատնել քաղաքում մնացած տասնյակ հայերի (փրկվել է ընդամենը 6 մարդ ): Խնուսի 27 հայկ. գյուղերի 3.322 հայ տնից փրկվել են Կոպալ, Գովանդուկ, Կարաչոբան, Խրըմխայա գյուղերի 128 բնակիչ: 1916-1917-ին միացել են Անդրանիկի ջոկատին և աչքի ընկել Զանգեզուրում 1918-ին մղված մարտերում: Այժմ Խնուս գավառը (հիմնականում քրդաբնակ ) մտնում է Էրզրումի իլի կազմի մեջ :