15 հունվարի 2007 - 17:25 AMT
Կիրո Մանոյան. Անկարային պարզապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը թույլ պետություն լինի
Հայաստանը պետք է ամեն պահի պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին հունվարի 15-ին հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի եւ ՀՅԴ «Դաշնակցության» քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդպես է եղել Կիպրոսի հետ, երբ 2002 թվականին Թուրքիան մի վայրկյանում որոշեց թույլ տալ կիպրոսյան ինքնաթիռների թռիչքները իր տարածքով: Ինչպես նշել է Մանոյանը, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չէ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառը: «Անկարային պարզապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը թույլ պետություն լինի: Եւ եթե նույնիսկ կարգավորվեն ընթացիկ հարցերը, Թուրքիան շրջափակումը պահպանելու համար նոր պատճառներ կգտնի»,- ընդգծել է նա: Կիրո Մանոյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները բանակցություններ են վարել սահմանների աստիճանական բացման մասին, սակայն դրան խանգարել է թուրքական բանակը: Նա եւս մեկ անգամ հնչեցրեց ՀՅԴԴ դիրքորոշումը, ըստ որի, Հայաստանը չպետք է քաղաքական զիջումների գնա` հանուն երկրի տնտեսական բարեկեցության, հաղորդում է Regnum-ը: