Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի (շփման գծում) հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 (30 արկ) և 82 (9 արկ) միլիմետրանոց ականանետեր:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ:
Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: