15 հուլիսի 2003 - 23:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՈՐԵՎԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Հայաստանը շահագրգռված չէ որեւէ ռազմական գործողությամբ, լինի դա մեծ կամ փոքր: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին ժամանակներս հաճախացած դեպքերը: Ընդհակառակը, նրա խոսքերով, ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մասին սպառնալիքները հաճախ լսվում է Բաքվից, եւ դա բոլորի համար ակնհայտ է: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ զինադադարի ռեժիմի ցանկացած խախտում միանշանակ տեղի է ունենում Ադրբեջանի դրդմամբ: «Կարող եմ հաստատել, որ վերջին խախտումները նույնպես սկսվել են Ադրբեջանի նախաձեռնությամբ, ինչին տրվել է արժանավոր պատասխան»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ նման կարգի ոտնձգություններ չեն կրկնվի: