16 փետրվարի 2016 - 15:04 AMT
Մայրական նպաստի վճարումը կսկսվի փետրվարի 17-ից

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2016-ի փետրվարի 15-ին կնքված պայմանագրի` 2016-ի հունվար ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի փետրվարի 17-ից:

Փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարումը կսկսվի մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն (որպես կանոն՝ 3-րդ աշխատանքային օրվանից), տեղեկացնում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

2016-ի հունվարի 26-ին «Հայփոստ» ծառայությունը հայտնել է, որ այսուհետև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները (ամսական 18 հազար դրամ) բաժանվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը:Նախկինում 18.000 դրամի գումարը տրամադրվում էր յուրաքանչյուր ամսվա 18-20-ից սկսած:Այս օրերին, սակայն, գումարն ուշացնելը որոշ անհանգստություն և նաև հարցեր է առաջացրել ծնողների շրջանում` եթե եղել է փոփոխություն, ինչո՞ւ ծնողներն այդ մասին տեղյակ չեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը: