16 փետրվարի 2016 - 17:51 AMT
Հայկական գինին ու կոնյակը կարող են Հնդկաստան արտահանվել

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:

Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։