17 փետրվարի 2016 - 17:27 AMT
Ղազախստանում թուրքերի հետ բախումներ են եղել

Ղազախստանի Ջամբուլի շրջանի Բուրիլ (Ռովնոե) ավանում բախումներ են տեղի ունեցել ազգամիջյան հողի վրա: Այդ մասին հայտնել է NewTimes.kz-ն:

Անկարգությունների պատճառ է դարձել փետրվարի 15-ին ավանի տներից մեկում տեղի ունեցած ղազախ տղայի սպանությունը` նրան դանակով հարվածներ են հասցվել: Սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք տեղի բնակիչը:

Փետրվարի 16-ին ավանի բնակիչները հավաքվել են կասկածյալի տան մոտ` պահանջելով, որ նրա ընտանիքը հեռանա գյուղից:

Ավան են բերվել ոստիկանության ուժեր: Բուրալիի ղազախական և թուրքական համայնքների ավագանու անդամները բանակցել են և խաղաղության կոչ արել բնակիչներին: Ավանի բնակիչներին են դիմել նաև իրավապահ մարմինների և տեղի գործադիր իշխանության ներկայացուցիչները` խնդրելով մարդկանց ցրվել տներով, հայտնում է Haqqin.az-ը:

Կասկածյալին հեռացրել են ավանից: