18 փետրվարի 2016 - 10:32 AMT
Հզոր պայթյուն Անկարայում. 28 զոհ, ավելի քան 60 վիրավոր

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ Նուման Քուրթուլմուշը: Նա չի ասել, թե ում են պատասխանատու համարում պայթյունի համար:

Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են միջադեպի վայրում:

Ըստ նախնական վարկածի, պայթել է ականապատ մեքենան:

Reuters գործակալությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վնասվել է զինվորականների հանրակացարանը: Ըստ NTV-ի, պայթյունը տեղի է ունեցել զինվորականներով մի քանի ավտոբուսի հարևանությամբ:

Ողբերգական իրադարձությունների հետևանքով Էրդողանը հետաձգել է այցն Ադրբեջան:

Իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը Twutter-ում հայտարարել է, որ պայթյունը որակվում է որպես ահաբեկչություն:Թուրքական ԶԼՄ-ների համար սահմանափակումներ են մտցվել Անկարայի միջադեպի լուսաբանման համար:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է այլցը Բրյուսել:

Սա արդեն չորրորդ խոշոր ահաբեկչական գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին` նախորդ տարվա հուլիսին Սուրուչում ահաբեկչությունից հետո, տեղի ունեցան պայթյուններ Անկարայում և Ստամբուլում, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 150 մարդ: Բացի այդ, ավելի քան 200 թուրք զինվորական և ոստիկան է զոհվել տրանսպորտային միջոցների պայթեցման և ՔԱԿ հարձակումների հետևանքով երկրի հարավ-արևելքում:

Գերմանիան և ԱՄՆ-ն դատապարտել են ահաբեկչական գործողությունն Անկարայում և խոստացել են սատարել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչն իր հերթին հայտարարել է, որ ահաբեկչությունն Անկարայում ուղղված էր Սիրիայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ձախողմանը: