Փետրվարի 19-ին «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է բաժանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱԺ-ն ընդունել է 71 կողմ 17 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
ՀՀԿ-ՀՅԴ գործակցության շրջանակում բաժանված Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը:
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ փոփոխության անհարժեշտությունն ըստ նրա՝ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտ պայմանավորվածությունն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանըհիշեցրել է, որ 2014-ին նույն օրենքի փոփոխությունը, ըստ որի միացվում են երկու նախարարությունը և մեջբերել է նախորդ զեկուցողին, ով անընդունելի էր համարել երկու նախարարության առկայությունը և նշել, թե միացնելու նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ համակարգ, ինչն առավել խնայողական կլինի:
«Հիմա քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված նախարարությունները բաժանվում են: Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վաղը կամ մյուս օրը քաղաքական գործակցության անհրաժեշտությամբ չէր տարանջատի սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից և չե՞ք կարծում, որ սա ի վերջո պետություն է և քաղաքական գործակցության անհրաժեշտությունները պետք է բխեն պետական շահից»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:
Նախարար Հովհաննիսյանը նշել է, թե քաղաքական գործակցությունը ենթադրում է քաղաքական պայմանավորվածություններ և ունենալ տեսլական: «Այդ է, որ քաղաքական որոշումներ կայացնելու և քննարկելու առիթ է ստեղծում»,- նկատել է նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե վաղը կամ մյուս օրը նախարարությունները կարող են բաժանվել, Հովհաննիսյանը միջազգային փորձից օրինակներ է բերել, որ 30 նախարարություն է եղել, որ ստեղծվել են, քանի որ 4-5 կոալիցիա է կազմվել:
Նախարարը նշել է, թե չի ասում, որ դա լավագույն փորձն է, բայց անհրաժեշտություն եղել է՝ միացվել է:
Ի դեպ, նախարարը նկատել է, թե քաղաքական պայմանավորվածությունների որոշումների մասին ինքը չէ, որ պետք է խոսի:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացրել, թե ինչու է կառավարությունն այս հարցում շտապողականություն ցուցաբերում, արտահերթ նիստ հրավիրում: Նա նաև հարցրել է, թե ինչու քաղաքական գործարքը չի կատարվել այնպես որ նախարարությունը չբաժանվեր այլ ամբողջությամբ տրվեր Դաշնակցությանը:
«Բացի այդ, չկա որևէ երկիր, որտեղ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունենալով գնա կոալիցիայի որևէ ուժի հետ»,-ասել է նա: Պատգամավորը հարցրել է, թե որն է դրա նպատակը:
Արդարադատության նախարարն ասել է, որ չեն շտապում, այլ կառավարությունը նպատակահարմար է համարել արտահերթ նիստ գումարել՝ նաև նայելով քառօրյայի օրակարգը:
Ինչ վերաբերում է նախարարության չբաժանելուն և ամբողջությամբ այն Դաշնակցությանը տալուն, Հովհաննիսյանը նշել է, որ ի սկզբանե քաղաքական պայմանավորվածություններն այդպիսին են եղել և
պատակահարմարություններից ելնելով, ինչպես նաև գործընկերոջ ուժի ռեսուրսներից, գործակցության իրենց և գործընկերոջ պատկերացումներից ելնելով՝ այդպիսի որոշում է կայացվել:
Նա պարզաբանել է, որ իրենք գործակցությունն այդքան նեղ չեն դիտարկում, գործակցությունը տարբեր ձևաչափերով կարող է լինել:
Հովհաննիսյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցերին, նաև շեշտել է, որՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տրոհումը հավելյալ ծախսեր չի առաջացնի և բյուջեից լրացուցիչ գումարներ չեն ծախսվի, գրում է Panorama.am-ը:
«Գոյություն ունեցող ռեսուրսների հաշվին է կատարվելու այս փոփոխությունը, ավտոմեքենաներ չեն ավելացվելու, որևէ ծախս չի ավելացվելու», - պարզաբանել է նախարարը:
Փետրվարի 11-ինՌուստամյանը տեղեկացրել է , որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։