19 փետրվարի 2016 - 16:37 AMT
Ռուսաստանն անթույլատրելի է համարում թռիչքների արգելքը Թուրքիայի տարածքով

Մոսկվան անթույլատրելի է համարում թռիչքների արգելումը Թուրքիայի տարածքով:Ռուսական պատվիրակությունը Վիեննայում բաց երկնքի վերաբերյալ խորհրդակցական հանձնաժողովում պաշտոնապես հայտարարել է, որ անթույլատրելի է համարում թռիչքների արգելումը Թուրքիայի երկնքում` դա համարելով Բաց երկնքի մասին պայմանագրի խախտում: Այդ մասին հայտարարել է Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ռազմական անվտանգության և սպառազինության վերահսկողության հարցերով ղեկավար Անտոն Մազուրը, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայտարարությունն արտացոլում է ՌԴ դիրքորոշումը Թուրքիայի մեղքով առաջացած շատ տհաճ իրավիճակի վերաբերյալ: Ռուսական պատվիրակությունն արել է հայտարարությունը փետրվարի 19-ին հանձնաժողովի արտահերթ նիստում և թեև մեր գործընկերներից ոմանք դժգոհ էին, ասելով թե դրա կարիքը չկա, քանի որ փետրվարի 22-ին տեղի է ունենալու հերթական նիստը, մենք բացատրեցինք, որ արտակարգ իրավիճակն արագ արձագանքում է պահանջում»,-ասել է Մազուրը:

Փետրվարի 1-5-ը նախատեսված էր մի խումբ ռուս դիտորդների թռիչքը Թուրքիայի տարածքի վրայով Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակում: Երբ ռուսական առաքելությունն արդեն Թուրքիայում էև և հրապարակեց նախատեսվող երթուղին, թուրք զինվորականները մերժեցին և թույլ չտվեցին դիտորդական թռիչքը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Մոսկվան Անկարայի այդ վարքագիծն աղաղակող համարեց և կարծիք հայտնեց, որ խոչընդոտելով դիտորդական թռիչքներին, Թուրքիան հասկացնում է, որ ինչ-որ բան է թաքցնում: